Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ամրապնդման և ընդլայման, առկա սպառնալիքներին և երկրի շուրջ ստեղծված զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Կարեն Սարգսյանը ողջունել և իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ գործընկերներին արդյունավետ փոխգործակցության, Արցախի հարցը մշտապես օրակարգում պահելու և Արցախի Հանրապետություն՝ աշխատանքային այցի համար:
«Պարոն Քյարամյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Արցախում: Ձեզ հետ հանդիպել ենք երկրի համար անչափ բախտորոշ ժամանակահատվածում՝ երբ պատերազմ էր: Այսօր Արցախը վերանորոգման և վերակառուցման փուլում է: Ի դեմս Ձեզ՝ իմ և ՆԳ նախարարության անձնակազմի անունից երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են Արցախի ու մեր հայրենակիցների խնդիրներով»,- նշել է Կ.Սարգսյանը:
Արգիշտի Քյարամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին և նախարարության կառուցվածքում գործող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին՝ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության համար, նշել, որ ՀՀ քննչական կոմիտեն և անձամբ ինքը ՆԳ նախարարության հետ պատրաստ են համագործակցության՝ տարբեր ձևաչափերում:
«Հարգարժան Կարեն Գրիգորիի, այն առաքելությունը, որ ստանձնել և կատարել է Ձեր ղեկավարած կառույցը, անգնահատելի է: Զոհված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքը կազմակերպելու և հարազատներին հասցնելու բարդ առաջադրանքը դուք կատարել եք անձնվիրաբար:
Պատերազմը ծանր վերք թողեց բոլորիս սրտերում: Այսօր մեզ ոչինչ չի մնացել, քան մեր հայրենիքը շենացնելը: Քայլել եմ այսօր Ստեփանակերտում և ոգևորվել ծաղկող քաղաքից ու մարդկանց չկոտրվող տեսակից: Վստահ եմ՝ միասնական ուժերով կարողանալու ենք իրականացնել մեր համազգային բոլոր նպատակները»,- հանդիպմանը նշել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Քյարամյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Սամվել Պետրոսյանը և Արցախի ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: