Վիեննայում Իրանի միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցությունների հերթական փուլի մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել միջուկային ծրագրին վերաբերող տեքստի հարցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերին հաջողվել է համեստ առաջընթաց արձանագրել։
«ԵՄ դիվանագիտության շնորհիվ մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք՝ ինչպիսին է լինելու տեքստը, որը կարող է հիմք ծառայել միջուկային հարցերի բանակցությունների համար»,- ընդգծել է պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ բանակցությունների յոթերորդ փուլն «ավելի արդյունավետ էր, քան կարող էր լինել, բայց ավելի վատ, քան պետք է լիներ, իսկ ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անորոշ»:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեսախցիկներ տեղադրել Քերեջ քաղաքի միջուկային օբյեկտում։
«Բանակցությունների հաջորդ փուլը կարող է սկսվել մինչև տարեվերջ, ամերիկյան կողմը պատրաստ է դրան»,- հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Վիեննայում բանակցություններից հետո հայտարարել է, որ հետագա քննարկումների համար հիմք են ընդունվել ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի տեսակետները։
«Պատժամիջոցների բանակցությունների հիմքում դրվել է նոր փաստաթուղթ, որը տարբերվում է Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի ընթացքում ձևավորված փաստաթղթից»,- հավելել է Բաղերին։