Կովկասում Հայաստանի հետ Հունաստանի պատմական կապերը քաջ հայտնի են: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի սադրանքներին։ «Արտաքին քաղաքականության մեջ մենք բախվում ենք գերլարված և անընդհատ փոփոխվող իրականության։ Մենք օգտվում ենք յուրաքանչյուր հնարավորության պատուհանից. Հունաստանն ու Կիպրոսն ընդլայնվող հարևան ունեն»,- նշել է նախարարը։ Դենդիասն ընդգծել է, որ վերջին տարիներին աննախադեպ սադրանքներ են իրականացվում Էգեյան ծովում, Էվրոսում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրականում, ինչպես նաև Կովկասում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Նա մատնանշել է նաև Օսմանյան նոր գաղափարախոսությունների ի հայտ գալը:
*****
Ռուսաստանի և Թուրքիայի մեջ առկա է փոխգործակցություն ադրբեջանա-հայկական հակամարտության գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային մյուս հակամարտությունների հարցերում Թուրքիայի հետ գործակցությանը: «Մենք համագործակցում ենք Սիրիայի հարցում: Դա բարդ գործակցություն է, երբեմն՝ շատ բարդ։ Նման գործընթաց կա նաև ադրբեջանա-հայկական հակամարտության գծով. Թուրքիայի հետ առկա են ուղղակի շփումներ՝ իրադրության մշտադիտարկման ուղղությամբ»,- ընդգծել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է նաև, որ Թուրքիայում կան ազգայնականներ, որոնք առաջ են տանում «Մեծ Թուրանի» գաղափարը։
*****
Դեկտեմբերի 18-ից Մոսկվան այլևս «Բաց երկնքի մասին» պայմանագրի կողմ չէ՝ համաձայնագրով իր պարտավորությունների կատարումը դադարեցնելուց հետո։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։ Ռուսաստանի նման որոշման պատճառը 2020թ. նոյեմբերին Վաշինգտոնի դուրս գալն է պայմանագրից: Հայտարարության համաձայն՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ արևմտյան գործընկերների փորձերը՝ համոզել ԱՄՆ-ին վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրի կատարմանը, հաջողությամբ չեն պսակվել: Նշվում է, որ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանագրի արդյունավետությունը կտրուկ կնվազի: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նման իրավիճակի ողջ պատասխանատվությունը ամերիկյան կողմինն է: Դեռ հունիսի 18-ին ուժի մեջ էր մտել Ռուսաստանի կողմից համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ն դուրս է գալիս պայմանագրից՝ մասնակից երկրներին ծանուցելուց վեց ամիս անց:
*****
Անկարան Երևանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ ուշադիր և Բաքվի հետ սերտ համակարգմամբ՝ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։ Նա նաև հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին։