Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր:
Մարզպետի տեղակալը նշել է, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ՝ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում:
«Տեմպերը բավականին թուլացել են, ինչը խոսում է առողջապահական հիմնարկների ոչ հետևողական և ջանացավ աշխատանքի մասին»,- ասել է նա: Փոխմարզպետը խստորեն հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մինչև տարեվերջ՝ իրավիճակն էականորեն բարելավելու ուղղությամբ:
Վարչության պետն, իր հերթին, նշել է, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածվածության հետ կապված մարզում բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, ինչը հաղթահարվել է մասնագիտական ուժերի գերլարմամբ: Հաջորդ շտամը՝ «Օմիկրոնը», որը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում, շատ ավելի մտահոգիչ պատկեր է խոստանում:
«Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է: Վերջինս մեր քաղաքացիների կյանքն ապահովագրելու միակ տարբերակն է»,- ասել է վարչության պետը: Նա խստորեն հորդորել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ռիսկային խմբերին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի առողջապահության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի ևս: