ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով՝ Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևանում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ քաղաքում ավելորդ ցնցումներից զերծ մնալու նպատակով:
«Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները Կառավարության հետ համահունչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երևան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։
Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։
Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այլևս անհնար է դա շարունակել։ Ես՝ որպես նախկին առողջապահության նախարար, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային իշխանությունները դժկամությամբ են գնացել փոփոխությունների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում (մի քանի հիվանդանոցներ, բազմաթիվ պոլիկլինիկաներ, շտապ բժշկական օգնության ծառայություն), չնայած համակողմանի ֆինանսական և այլ տեսակի աջակցությանը մեր կողմից։
Մինչ օրս չեն փոխվել տասնյակ տարիներ այդ հաստատությունները վատ կառավարած բազմաթիվ տնօրեններ, բավարար չափով չի բարելավվել այդ հաստատությունների աշխատանքը։
Նույնն է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ և այլն։
Եվ ես վստահ եմ, որ նոր քաղաքապետի հետ արդյունավետ աշխատելով էական փոփոխություններ ենք արձանագրելու բոլոր ուղղություններով և արագ լրացնելու բաց թողնվածը»,- գրել է Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
Նշենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան մամուլում տարածված՝ ավտոբուսների գնման ավագանու նիստի բոյկոտի մասին տեղեկությունների:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
«Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից ևս միացել են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին:
Հայտնի է նաև Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման օրը: