Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի և Հայաստանի առողջապահության նախարարներ Միխայիլ Մուրաշկոյի և Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ կայացել է հայ-ռուսական առողջապահական 6-րդ համաժողովը։ Միջոցառումն ուղղված է առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդմանը և ԱՊՀ տարածքում կայուն շփումների ձևավորմանը։
«Առողջապահության ոլորտում մեր երկրների՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու ցանկությունը չի կարող չուրախացնել։ Պետք է հատուկ շեշտել ռուս գործընկերների կողմից Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցությունը հետպատերազմյան շրջանում, որն ավելի էր բարդացել համավարակի տարածման ֆոնին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նույնպես կարևորել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը։
Համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները իրականացրել են կորոնավիրուսի կանխարգելման, ախտորոշման և բուժման, բուժանձնակազմերի վերապատրաստման, ինչպես նաև ուռուցքաբանական ծառայությունների կազմակերպման ոլորտում փորձի փոխանակում։
Հայկական պատվիրակությունը նաև ծանոթացել է Բլոխինի ինստիտուտի աշխատանքներին․ «Մեզ համար շատ կարևոր է առողջապահական արդյունավետ սկզբունքների և բարեփոխումների մի մասը լինելը, մասնագետների հետ կապը պահպանելը, որոնց փորձը կարող ենք կիրառել մեր երկրում»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը։
Համաժողովի արդյունքներով Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և Ֆանարջյանի անվան ազգային կենտրոնը համագործակցության հուշագրեր են կնքել Բլոխինի անվան ինստիտուտի հետ: