Ադրբեջանը ապօրինի քրեական հետապնդումներ է սկսել մայիսին գերեվարված երկու զինծառայողի նկատմամբ: Գեղարքունիքի հատվածում մայիսին ադրբեջանական ուժերը գերեվարել էին 6 հայ զինծառայողի, ավելի ուշ վերադարձրել նրանցից 4-ին: Բաքվի դատարաններից մեկում կայացել է Սարգսյանի և Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։ Ադրբեջանը նրանց մեղադրում է իբր հրազենի գործադրմամբ ահաբեկչություն կատարելու փորձի համար: Հայաստանը դեռ մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Դատարանը վերահաստատել էր դեռևս 2020-ի նոյեմբերի իր այն որոշումը, որով ցանկացած անձի, լինի զինծառայող թե քաղաքացիական անձ, որ կհայտնվի Ադրբեջանի տիրապետության ներքո, բոլոր իրավունքները ենթակա են պաշտպանման, երաշխավորման, կոնվենցիայով պաշտպանման մասին է խոսքը:
Մինչդեռ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հորդորների և պահանջների, շարունակում է դիմել բացահայտ զեղծարարությունների և շինծու քրեական գործեր հարուցել նաև ոչ պատերազմական իրավիճակում գերեվարված հայերի դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ահաբեկիչներ:
Լիպարիտ Դրմեյան - Ըստ էության, խնդրի էության տեսանկյունից սա որևէ նշանակություն չունի, ավելի է սրում կամ վատթարացնում Ադրբեջանի վիճակը ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացների շրջանակում, որովհետև այս բոլոր գործընթացները ձևական են իրենց բնույթով, արդեն այդ գործընթացները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքներ, մասնավորապես արդար դատաքննության իրավունքը, և այդ փաստերը ներկայացրել ենք: Ցանկացած նոր զարգացում, որը կլինի ռազմագերիների, այս դատավարությունների մասով, ներկայացնելու ենք ՄԻԵԴ:
2020-ի պատերազմից հետո գերեվարվածներից 40 անձի նկատմամբ կայացվել են վճիռներ, և նրանք շարունակում են պահվել Ադրբեջանում: Նրանցից բացի, Բաքուն փաստորեն շինծու քրեական գործ է սկսում ևս երկուսի նկատմամբ: Պատերազմից հետո հայրենադարձվել են 100-ից ավելի գերեվարվածներ. նրանց շարքերում եղել են նաև անձինք, որոնց նկատմամբ կայացված են եղել մեղադրական դատավճիռներ: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանն այդ քայլով ուզում է հանդես գալ իբր հումանիստական դիրքերից՝ ներկայացնելով, թե վերադարձնում է նույնիսկ հանցագործներին: Դրմեյանի խոսքով՝ այդ բեմականացումն աշխատելու է հենց իրենց դեմ: Դատավարությունների ժամանակ գերիների որևէ իրավունք չի պաշտպանվում:
Լիպարիտ Դրմեյան - Հստակ արձանագրվել է կոնվենցիայի խախտում, չունենք տեղեկություն՝ ինչ մեղադրանքի շրջանակում, ինչպիսի քննչական գործողություններ են իրականացվել, որևէ տեղեկություն չկա, իզոլացված են, չեն կարող օգտվել պաշտպանի իրավունքից: Խոսել, թե հանցագործ է՝ դատապարտում ենք, աբսուրդ է, փաստը ներկայացվում է Եվրադատարան, համոզված ենք, բոլոր շանսերը կան, որ դատարանը խախտումը ճանաչի:
Հայկական կողմը պահանջելու է, որ դատավարությունները ճանաչվեն ապօրինի, ոչ իրավաչափ, և անձանց խախտված իրավունքների համար Ադրբեջանը փոխհատուցում տրամադրի: