ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրեր, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին:
Մյասնիկյանում մարզպետին ներկայացվել է, որ հաշվետու տարում բնակավայրում հաստատվել է 106 մլն 501 99 հազար դրամ ընդհանուր ծրագրային արժեքով համաֆինանսավորման երեք ծրագիր՝ նախատեսված Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի 7416 քմ հատվածի ասֆալտապատման, 1967-68 թվականներին կառուցված մշակույթի տան վերանորոգման և մանկապարտեզի ցանկապատման համար:
Ընդհանուր տեղեկություն է ներկայացվել նաև ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ, նշվել, որ ասֆալտապատման բաղադրիչով աշխատանքներն ավարտվել են, մանկապարտեզի ցանկապատումը գտնվում է ավարտական փուլում, կիսով չափ էլ իրականացվել է մշակույթի տան վերանորոգումը:
Հաջորդիվ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Դալարիկ բնակավայրում, որտեղ 2021 թվականին հաստատվել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր, որից չորսով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մեկն ավարտվել է: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 102 մլն 222,98 հազար դրամ:
Դալարիկում մարզպետին տեղեկացվել է, որ սուբվենցիոն ծրագրերի բաղադրիչներից մեկով վերակառուցվում է 9 և 11 շենքերի՝ ընդհանուր 922 քմ մակերեսով տանիքը: Նշված շենքերում բնակարանների թիվը 48-ն է, ընդհանուր շահառուներինը՝ 192:
Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում էլ ծրագրի շրջանակում 1069 գծամետր երկարությամբ ներտնտեսային բաց և փակ ցանց է կառուցվում: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 56 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որն էլ իր հերթին կնպաստի բնակիչների շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը և պտղատու ծառերի աճեցմանը:
Ներկայացվել է նաև, որ սեփականության իրավունքով Դալարիկ համայնքին պատկանող հանդիսությունների սրահի տանիքը վերանորոգվել է 2020 թ. սուբվենցիոն ծրագրով, իսկ 2021-ին հաստատված ծրագրային հայտով էլ իրականացվում է նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, ներքին լուսավորության ցանցի, ջեռուցման համակարգի, ջրագծերի և կոյուղագծերի անցկացում և ներքին հարդարում:
Հիմնանորոգվում է նաև համայնքի մարզասրահը, որը կարևոր նշանակություն կունենա Դալարիկում և մոտակա համայնքներում ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նաև բակային հատվածի բարեկարգում:
Իսկ 1976 թ. ասֆալտապատված Կոմիտասի և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով էլ իրականացվել է շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում: Նշվեց նաև, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:
Ամփոփելով շրջայցը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է համայնքային ծրագրերի կատարման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալն ու դրանք հնարավորինս սեղմ ժամկետում լուծելը: Ըստ մարզպետի՝ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները հաշվետու տարում ակտիվ են ընթացել, արձանագրվել են նաև ժամկետների խախտումներ, որոնք շինարարները կլրացնեն: