Ի պատասխան մամուլում ակտիվ տարածում գտած ավտոբուսների գնման ավագանու նիստի բոյկոտի մասին տեղեկությունների՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն` կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ), այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:
Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ Կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին Կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։
«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։
Առանց «Իմ քայլի» քվեների, Կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
«Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից ևս միացել են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին: