ԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Թուրքական ռազմական ավիացիան խախտել է Հունաստանի օդային տարածքը։ Այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։ «13 թուրքական ռազմական ինքնաթիռ ընդհանուր առմամբ 42 խախտում է կատարել Հունաստանի օդային տարածքում»,- նշել են գլխավոր շտաբում:
Թուրքական կործանիչները որսալու նպատակով գործարկվել են հունական ռազմական օդանավերը, որոնք միջազգային պրակտիկային համապատասխան ստիպել են խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Վիեննայում Իրանական միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցությունների հերթական փուլի մասնակիցները ընդհանուր հայտարարի են եկել միջուկային ծրագրին վերաբերող տեքստի հարցում։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերին հաջողվել է համեստ առաջընթաց արձանագրել։
«ԵՄ դիվանագիտության շնորհիվ մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք՝ ինչպիսին է լինելու տեքստը, որը կարող է հիմք ծառայել միջուկային հարցերի բանակցությունների համար»,- ընդգծել է պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ բանակցությունների յոթերորդ փուլն «ավելի արդյունավետ էր, քան կարող էր լինել, բայց ավելի վատ, քան պետք է լիներ, իսկ ընդհանուր իրավիճակը շարունակում է անորոշ մնալ»:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեսախցիկներ տեղադրել Քերեջ քաղաքի միջուկային օբյեկտում։
Բանակցությունների հաջորդ փուլը կարող է սկսվել մինչև տարեվերջ, «ամերիկյան կողմը պատրաստ է դրան»,- հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Վիեննայում բանակցություններից հետո հայտարարել է, որ հետագա քննարկումների համար հիմք են ընդունվել ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի տեսակետները։ «Պատժամիջոցների բանակցությունների հիմքում դրվել է նոր փաստաթուղթ, որը տարբերվում է Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի ընթացքում ձևավորված փաստաթղթից»,- հավելել է Բաղերին։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՓՐԿԵԼ ԵՆ 138 ՓԱԽՍՏԱԿԱՆԻ
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը փրկել են 138 փախստականի, որոնք փորձել են ինքնաշեն նավերով հատել Լա Մանշը և հասնել Մեծ Բրիտանիա։ Փրկարարները փախստականներին վերադարձրել են ափ։
Վերջին շրջանում փախստականների տարբեր խմբեր փորձում են հատել նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ ակնկալում են օգտվել գործող սոցիալական ծրագրերից։ Այս խնդիրը հանգեցրել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև լարվածության աճի: Վերջերս Միացյալ Թագավորությունը 54 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ֆինանսական աջակցություն էր տրամադրել Ֆրանսիային՝ նեղուցը հատելու փորձերը նվազեցնելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն Էմանուել Մակրոնի վարչակազմին մեղադրել է պարտավորությունները չկատարելու համար, ինչը ֆրանսիական կողմը հերքել է։
ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Իռլանդիայի նախարարների կաբինետը կորոնավիրոսի տարածման ֆոնին որոշում է կայացրել է պարետային ժամ սահմանել։ Դեկտեմբերի 19-ից հյուրանոցները, կինոթատրոնները, ռեստորանները և թատրոնները կդադարեն աշխատել ժամը 20։00-ից հետո։
«Վերականգնվելու է հեռավար աշխատանքային ռեժիմը, իսկ պատվաստվածները պետք է ներկայացնեն պատվաստման անձնագրերը թատրոններում և կինոթատրոններում»,-հայտնել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը։ Ըստ նախնական տվյալի՝ սահմանափակումները գործելու են մինչև հունվարի 30-ը։
ԴԱՆԻԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ
Դանիայում էլ շարունակում են աճել կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով վարակման դեպքերը։ «Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր հինգերորդ մարդու մոտ արդեն ախտորոշվել է «Օմիկրոն» շտամը»,- հայտարարել է վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Նա հավելել է, որ հիվանդացության աճը զսպելու նպատակով կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի։