Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր հարևանն է, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության շատ կարևոր մեծ նախագծերում մեր գործընկերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ RTVI-ի հետ հարցազրույցի ընթացքում:
Նա նշել է տարածաշրջանային հակամարտությունների հարցերում Թուրքիայի հետ համագործակցության մասին:
«Մենք համագործակցում ենք Սիրիայի հարցում: Դա բարդ փոխգործակցություն է, երբեմն՝ շատ բարդ, այնուամենայնիվ, ամեն անգամ հաջողվում է գտնել փոխադարձաբար ընդունելի լուծում։ Փոխգործակցությունն ընթանում է նաև ադրբեջանա-հայկական հակամարտության գծով. Թուրքիայի հետ ուղիղ փոխգործակցում ենք՝ հակամարտության նախկին գոտում իրադրության մշտադիտարկման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:
Նա անդրադարձել է նաև «Մեծ Թուրանի» գաղափարին՝ նշելով, որ Ռուսաստանը չի կարծում, թե Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն ստեղծել։
«Այն, որ Թուրքիայում շատ տարածված են թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարները, ճիշտ է։ Եվ, իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային և պատմական ընդհանրություն, և Միջին Ասիայի պետությունները, նույնիսկ՝ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները, մեր թաթարները, մեր բաշկիրները ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ։ Դա և՛ լեզվական պատմություն է, և՛ մշակութային, ընդհանուր ավանդույթներ։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկա»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովի խոսքով՝ Թուրքիայում կան ազգայնականներ, որոնք առաջ են տանում «Մեծ Թուրանի» գաղափարը, սակայն նրանց թիվը, ըստ խոսնակի, դեռևս մեծամասնություն չի կազմում, և երկրի գործող իշխանությունները փորձում են զսպել նրանց: