Սա Վանաձորի գլխավոր հատակագիծն է, այն հողամասերն են, որոնց նպատակային նշանակությունը, ըստ մեղադրանքի, համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը միանձնյա որոշմամբ փոխել է՝ չունենալով այդ իրավունքը: Սեպտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում Ասլանյանը կալանավորվել է օրեր առաջ՝ մեղադրվելով լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Պաշտոնյան, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում։
Լուսինե Սահակյան, Մամիկոն Ասլանյանի պաշտպան - Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Քրեական գործի հարուցմամբ պարզվել է, որ Վանաձորի բնակիչը դիմել է համայնքապետարան՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Նարեկացի փողոցի հասցեներից 2-ի նպատակային նշանակությունը փոփոխելու համար:
Վաչե Մխիթարյան, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ - Այդ դիմումով խնդրել է այս տարածքի նպատակային նշանակությունը փոփոխել խառը կառուցապատման նպատակային նշանակությունից մասնավոր գերեզմանատուն կառուցելու նպատակով:
Ինչից հետո ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարությունը եզրակացության համար փաթեթը երեք անգամ ներկայացրել է, սակայն Կադաստրի կոմիտեն 3 անգամ էլ վերադարձրել է, վերջինը՝ հետևյալ հիմնավորմամբ:
Վաչե Մխիթարյան - Գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստյան գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Նման պատճառաբանությամբ առարկել է նաև Լոռու մարզպետարանը, և նշված փաթեթը հետ է ուղարկվել լրամշակման:
Ըստ քննիչի՝ այդ փաթեթն ստանալուց հետո Վանաձոր համայնքի ղեկավարը միանձնյա որոշմամբ փոխել է տարածքի նպատակային նշանակությունը: Մեկ այլ դրվագով Ասլանյանը հնարավորություն է ընձեռել իր մտերիմներից մեկի մորը կրկին Նարեկացի փողոցում հուղարկավորության համար չնախատեսված հողակտորներն այդ նպատակով օգատգործելու համար վաճառել կամ նվիրել տարբեր քաղաքացիների: Ասլանյանին մեղսագրվող մյուս երկու դրվագները վերաբերում են Ուսանողական փողոցի մոտ 1 հա մակերեսով հասարակական կանաչ տարածքը սեփականության իրավունքով օտարելուն:
Վաչե Մխիթարյան - Կեղծիքի միջոցով տեղեկանքի որոշում է կայացվել, գործառնական նշանակությունը փոփոխվել է այս տարածքների և տեղեկանքով ներկայացվել է Կադաստրի կոմիտեին, իբր այս տարածքը չի հանդիսանում սահմանափակումների մեջ ընկնող հողատարածք և, այնուհետև,կայացվել է որոշում, համայնքի ղեկավարի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում այս տարածքներն օտարվել են:
Քննիչ Մխիթարյանը նշում է՝ սեպտեմբերից մինչև օրս կատարվել է հսկայածավալ փաստաթղթերի առգրավում, հեռախոսային խոսակցությունների վերծանումների զննություն: Եվ միայն դրանից հետո է Մամիկոն Ասլանյանին մեղադրանք առաջադրվել:
Նշենք, որ Ասլանյանը Վանաձորի քաղաքապետ է 2016-ից: Այս տարվա դեկտեմբերի 5-ին համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, սակայն քաղաքային իշխանություն միանձնյա ձևավորելու համար ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ ձայներ: Առաջատարը եղել է «Մամիկոն Ալսանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով: Անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատարան է դիմել՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինչի պաճառով էլ մանդատների բաշխումը հետաձգվել է։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան