Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները:
Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ:
Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը:
Հանդիպման ընթացքում Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ արդյունավետ փոխգործակցության համար: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության և մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը:
Իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման և աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին:
Կողմերը բարձր են գնահատել նաև Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ կողմից կազմակերպվել է կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, համայնքներին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք, համատեղ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք տարվա համագործակցության ուղղությունները, կողմերը երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: