44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը խախտել է մարդկանց կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, սեփականության, կրթության, ընտանեկան իրավունքները: Ադրբեջանի թույլ տված խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցները մեկտեղվել են մի քանի կազմակերպության փաստահավաք զեկույցում:
Դավիթ Ամիրյան (Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրեն) - Զեկույցը պիտի և կարող է օգտագործվել թե՛ պետական, թե՛ հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, մարդու իրավունքների խախտումների համար Ադրբեջանի դեմ համապատասխան որոշումներ ընդունելու, պատժամիջոցներ կիրառելու, Հայաստանի, Արցախի բնակչության շահը տարբեր ատյաններում ներկայացնելու համար:
Փաստագրական աշխատանքը սկսել են պատերազմի օրերից: Զեկույցը կազմված է կոնկրետ մարդկանց պատմություններից: Կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի ենթարկվելու դեպքերի բազմաթիվ օրինակները հայերի դեմ խտրականության, արմենոֆոբիայի դրսևորումներ են:
Աննա Մելիքյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ) - Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքացիական անձանց շրջանում եղել է 80 զոհ, որոնցից 38-ի դեպքում այդ անձինք հայտնվել են ադբեջանական զինված անձանց ձեռքերում, երբ բնակավայրերի հանդեպ եղել է վերահսկողություն, տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն: Եվս 22 անձի ճակատագիրն անհայտ է:
Զեկույցը կազմելիս գործակցել են միջազգային մասնագիտական կառույցների, ռազմական փորձագետների հետ, որոնք օգնել են վերլուծել Ադրբեջանի կիրառած արգելված զինատեսակները: Հրկիզող զենքի կիրառմամբ Ադրբեջանն իրականացրել է նաև էկոլոգիական հանցագործություններ:
Գենյա Պետրոսյան (Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամի տնօրեն) - Արցախում ռազմական գործողությունների ընթացքում կիրառվել են որոշ հրկիզող զինատեսակներ, արձանագրվել է առնվազն երկու հրկիզող բաղադրությունների կիրառու, ֆոսֆորի առկայությամբ: Նման եղանակով կիրառումը կոնվենցիաների խախտում է:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Զեկույցը, որ առանձնանում է մյուսներից, վարձկանների մասն է, միջազգային մարդասիրական մյուս կոպիտ խախտումը՝ վարձկանների ներգրավումը: Հետազոտության շրջանակում 12 անձանց հետ է հարցազրույց արվել Սիրիայում վարձկանների հետ, որոնցից 4-ը ներգրավված են եղել որպես վարձկան, 3-ը այն ընտանիքների անդամների հետ, որ մահացել են: Ուսումնասիրվել են արաբալեզու սոցցանցերում նյութերը: Վարձկանների ներգրավումը սկսվել է 2020-ի հուլիսից՝ Տավուշի պատերազմից հետո:
Բաց հասարակության հիմնադրամներն աջակցել է աշխատանքի համակարգմանն ու ֆինանսավորմանը: Զեկույցը ներկայացվել է եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին: Ամբողջական զեկույցը 300 էջ է, այն կներկայացվի միջազգային բոլոր կառույցներին: