Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը: Այդ մասին ասված է Սևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 12.12.2021 թ. 19-Ա որոշմամբ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք՝ 21 մանդատ.
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3 մանդատ.
«Հանրապետություն» կուսակցություն՝ 3 մանդատ:
Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը:
Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի` 12.12.2021 թ. 19-Ա որոշումը և 16.12.2021 թ. N 19 արձանագրությունը՝ Սևան համայնքի ավագանին որոշեց՝ Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը: