Վերջին շտկումներն ու քարերի այս թագուհին ևս կստանա իր վերջնական տեսքն ու փայլը և կգտնի իր պատվիրատուին: Այս գործարանում կարողանում են ստանալ ադամանդե բացառիկ քարեր: Գործարանում աշխատանքները գրեթե չեն դադարել՝ անգամ համավարակի պայմաններում: Արտադրության ծավալը, սակայն, 2020-ին նվազել էր, բայց այս տարի արդեն մի քանի անգամ ավելացել է: Միակ խնդիրը՝ հումքի ձեռքբերումն է:
Վարդան Անդրեասյան (Ադամանդի մշակման գործարանի տնօրեն) - Հումքի լրացուցիչ քանակությունը հնարավորություն կտա աշխատատեղեր ստեղծել:
Վարդան Անդրեասյանի խոսքով՝ պատրաստել են արտադրական նոր տեղամաս և առաջիկայում նոր աշխատակիցների կարիք կունենան: Մեծ փոփոխություններ են սպասվում: Կառավարությունը ստեղծում է ադամանդագործության ոլորտի պետական ընկերություն՝ «Հայ-Ալմաստ»: Այն կօգնի տեղական ընկերություններին հումքի ձեռքբերման հարցում:
Գագիկ Մկրտչյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական) - Հայաստանում ադամանդագործության կարևոր նախադրյալներից մեկը հումքի ձեռքբերումն է: Դրանցից մեկը «Ալռոսա» ընկերությունն է:
«Ալռոսան» այսօր աշխարհում հումք մատակարարող ամենախոշոր ընկերություններից է, որը վերջին տասնամյակում հումքը վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, ինչի հետևանքով հայկական ընկերությունները զրկվում են բավարար քանակով և որակով հումք ներմուծելու հնարավորությունից։
Գագիկ Մկրտչյան - Մեր ընկերությունը կոնսոլիդացնելու է ընկերություններին և դիմելու է «Ալրոսային»՝ որակյալ հումք ստանալու համար:
«Ալռոսան» իր հումքի հիմնական մասը մատակարարում է մոտ 60 խոշոր ընկերության: Ի դեպ, «Ալռոսա» ընկերությունը ևս ցանկացել է, որ Հայաստանում գործակցի պետական մասնակցությամբ ընկերության հետ: Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ու արտահանման ծավալները հասցնել տարեկան միջինը 150 մլն ԱՄՆ դոլարի։
Գագիկ Մկրտչյան - Լավ հնարավորություն է բացվում հատկապես փոքր ընկերությունների համար:
Ըստ հաշվարկների՝ ադամանդագործության ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, իսկ խոշոր ձեռնարկությունների թիվը՝ մոտ 25-ի։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան