Անվանի կարդիովիրաբույժ, ՌԲԳԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի շնորհիվ Ռուսաստանում զարգացել է ռենտգեն-էնդովասկուլյար ախտորաշումը, երբ միջամտությունն իրականացվում է առանց կտրվածքների և հիմնականում առանց ընդհանուր անզգայացման: Տասնյակ աննախադեպ վիրահատություններ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում կատարվել են նրա ձեռքով: Ամեն օր 5-6 վիրահատություն իրականացնող անվանի վիրաբույժը ժամանակ է գտնում նաև հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար: Պրոֆեսորի շուրջ հավաքվել են նաև Մոսկվայի անվանի հայազգի տասնյակ բժիշկներ. նպատակը մեկն է՝ Հայաստանում առողջապահական ոլորտի ընդհանուր զարգացումը, և նախարար Ավանեսյանի հետ էլ քննարկում են ճանապարհային քարտեզը:
Բագրատ Ալեքյան, Սիրտ-անոթային վիրաբույժ, ՌԲԳԱ ակադեմիկոս, Ա. Վիշնևսկու անվան կենտրոնի փոխտնօրեն - Մեր գործընկերները պատրաստ են մի շարք ուղղություններով աշխատանք սկսել: Առաջարկում ենք առաջիկա 2-3 ամսում սկսել պիլոտային ծրագիր այն ուղղություններով, որոնցում հետաքրքրված է Հայաստանը: Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է խմբեր կազմելով աջակցել, ինչպես աջակցել է պատերազմի ու համավարակի ժամանակ: Մենք ահռելի ներուժ ունենք: Այստեղ աշխատում է 1500 հայ բժիշկ, ընդհանուր՝ 4000 բուժաշխատող:
Թե՛ Արցախյան պատերազմի օրերին, թե՛ համավարակի շրջանում Ռուսաստանի հայ համայնքը եղել է հայենիքի կողքին՝ ֆինանսապես ու մարդկային ռեսուրսով: Համայնքային ներուժն արդյունավետ և համակարգված օգտագործելու համար հանդիպման շրջանակում որոշում կայացվեց ստեղծել երեք մասնագիտական խորհուրդ՝ սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի դեմ պայքարի և մանկաբարձագինեկոլոգիական ուղղություններով՝ Հայաստանում հանրային առողջապահական ցուցանիշները բարելավելու համար:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Պետք է փորձենք համագործակցությունը կառուցել ոչ այնքան կրիզիսային իրավիճակներում արագ հումանիտար օգնության տրամաբանության մեջ, այլ ավելի շատ մասնագիտական փորձի փոխանակման: Առողջապահական ոլորտում մենք շատ հավակնոտ ծրագեր ունենք առաջիկա 5 տարիների համար:
Ռուսաստանաբնակ բժիշկների օգնությունը կուղղվի ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում մասնագիտական որակավորման բարձրացմանն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: Առաջարկում են ռուսական օրինակով Հայաստանում բժշկական ապահովագրության ծրագիր սկսել, և ներդնել հիվանդների ընդհանուր էլէկտրոնային տեղեկատվական համակարգ:
Բագրատ Ալեքյան - Մենք պատրաստ ենք ակտիվ ներգրավել Ռուսաստանի առաջատար մասնագետներին, որոնք կարող են օգնել: Հայ բժիշկների մեծ համայնքն սպասում է առաջարկների, պիլոտային ծրագիրը հաջողելուց անմիջապես հետո կներգրավենք նաև մեր մյուս գործընկերներին:
Նախարարի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում հայ-ռուսական առողջապահական համաժողովին: Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը կքննարկի առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր: Համաժողովի շրջանակում նախատեսվում է նաև համագործակցության հուշագրերի ստորագրում: