Բաքվում տեղի է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ ՌԴ փոխվարչապետը և Ադրբեջանի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի գործունեությանը։
Առաջիկայում ՌԴ փոխվարչապետը կժամանի նաև Հայաստան՝ մասնակցելու Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին։
*****
Թուրքիան աղբյուր և տարանցիկ երկիր է օտարերկրյա ահաբեկիչների համար, որոնք ցանկանում են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և Սիրիայում ու Իրաքում կռվող այլ ահաբեկչական կազմակերպություններին։ Այս մասին ասված է ահաբեկչության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցում։ Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու արտաքսումները։ Ձերբակալվել և հետապնդվել են նաև Թուրքիայում բնակվող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների տեղացի աշխատակիցները: Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանին: Նշվում է, միայն, որ Ադրբեջանի իշխանություններն ահաբեկչության և ծայրահեղականության անվան տակ ճնշումների են ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին և կրոնական ակտիվիստներին: Ուշագրավ է, որ 2020 թվական Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ Պետքարտուղարության զեկույցում որևէ հիշատակում չկա:
*****
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ողջունել է Բրյուսելում օրերս կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները։ «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հետագա ուղիղ շփումներին»,- ընդգծել է Փրայսը։
*****
Միացյալ Նահանգների 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 756 միլիոն դոլարի օգնություն, սակայն Կիևն ակնկալում է, որ այն կերանայվի և կկազմի մեկ միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնկալում է ստանալ նաև Ֆրանսիայի աջակցությունը: Բրյուսելում Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Զելենսկին հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդում Ֆրանսիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի անվտանգության հարցերին։
*****
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին առաջարկում է համապատասխան երաշխիքների առկայության դեպքում հարաբերություններն սկսել նոր էջից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անհրաժեշտ է, որ մեր գործընկերներին հրաժարվեն անցյալից, ամեն ինչին նայեն նորովի, և մեր հարաբերություններն սկսենք մաքուր էջից»,- նշել է փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանն ամերիկյան կողմին է փոխանցել հարաբերությունների հետագա զարգացման առաջարկներ։ Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չարձագանքեն անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին ռուսական կողմի պահանջներին, դա կարող է առճակատման նոր առիթ դառնալ։