Այսօր սկսվեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի և մյուսների գործով բուն դատաքննությունը: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ: Ամբաստանյալի աթոռին, բացի Փարամազյանից, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն ու ևս 5 անձ է։
Մինչ մեղադրական եզրակացության հրապարակումը դատարանը քննեց ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը: Մկրտչյանը կալանավորվել էր դեկտեմբերի 3-ին, երբ պատշաճ ծանուցված լինելով՝ չէր ներկայացել դատական նիստին: Ամբաստանյալն այսօր պարզաբանեց՝ չէր ներկայացել, քանի որ տեղեկացել էր, որ իր պաշտպանը նույնպես չի ներկայանալու, բացի այդ՝ առողջական խնդիրներ ուներ։ Դատարանը որոշեց մասնակի բավարարել պաշտպանի միջնորդությունը:
Բորիս Բախշիյան (դատավոր) - Ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ, որպես կապակցված խափանման միջոցներ, կիրառել չհեռանալու մասին ստորագրություն և գրավ: Գրավի չափ սահմանել 500000 դրամ:
Մկրտչյանը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելուն օժանդակելու համար: Որոշման հրապարակումից հետո մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Արմեն Գևորգյան (մեղադրող դատախազ) - Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65,403,333 դրամի գույքը:
Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը մյուս մեղադրյալներ Նվեր Մկրտչյանի և Վազգեն Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք:
Արմեն Գևորգյան - Բացի այդ, Մանվել Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018-2019 թվականների ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափի գույքի յուրացում: Եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Փարամազյանը հայտարարեց՝ մեղադրանքը չի ընդունում:
Մանվել Փարամազյան (ամբաստանյալ) - Չեմ ընդունում, ի՞նչ խարդախության, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը:
Մյուս վեց ամբաստանյալները ևս իրենց մեղավոր չեն ճանաչում: Դատական նիստը շարունակվեց վկաների հարցաքննությամբ, սակայն առանց տեսանկարահանման հնարավորության:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան