Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը դռնփակ նիստում այսօր բուհի ռեկտոր ընտրեց: Նիստն ուղեկցվեց մի խումբ ուսանողների բողոքի ցույցով: Միակ թեկնածուն ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր: Երկրորդ հավակնորդի՝ պատմական գիտությունների դոկտոր Արծրուն Սահակյանի թեկնածության գրանցումը մերժվել էր. մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը նա խորհրդին էր ներկայացրել վերջնաժամկետը լրանալուց հետո:
Հովհաննիսյանն ընտրվեց 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր ձայներով: Անդրադառնալով հարցին, թե ժամանակին պնդում էր, որ ռեկտոր դառնալու հավակնություն չունի, ասաց.
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Ժամանակին, երբ խոսք էր լինում, ասում էին՝ հավակնո՞ւմ եք, ասում էի՝ այս պահին նման պլան չկա: Դա եղել է երկու տարի առաջ: Հետագայում մարդկանց պլանները փոխվում են, ինչպես ամեն օր կարող են փոխվել: Անհրաժեշտ համարեցի գալ Երևանի պետական համալսարան և, կարծում եմ, աշխատանքիս այս չորս ամվա ընթացքում ապացուցել եմ, որ հօգուտ Երևանի պետական համալսարանի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկը և հեղինակությունը:
Ինչ վերաբերում է ատենախոսության մեջ գրագողություն լինելու մասին մեղադրանքներին, Հովհաննիսյանն ասաց՝ այդ հարցը փակված է համարում: Դիմել է դատարան և համոզված է, որ դատական գործընթացը ցույց կտա այդ տեղեկությունների ստահոդ լինելը: Բուհի զարգացման ծրագրի մասին խոսելով էլ ընդգծեց՝ բավական մեծ և համալիր քայլեր կան անելու:
Հովհաննես Հովհաննիսյան - Սկսած կրթական ծրագրերից, ծրագրային հավատարմագրում անցնելուց, լաբորատորիաներ հիմնելուց: Գիտեք, որ գիտաշխատողների աշխատավարձերը բավականին բարձրացել են այս վերջին փոփոխություններից հետո: Մենք մի շարք փոփոխություններ ենք նախանշել, որոնցով առաջնորդվում ենք, այսինքն՝ ասել ենք, որ մարդն է կարևոր և փիլիսոփայությունը՝ նոր առողջապահական փաթեթի ձեռքբերումից սկսած՝ վերջացրած տարբեր տեխնիկական միջոցներով, նաև նոր կրթական ծրագրերի ներդրում: Եվ ես կարծում եմ՝ ԵՊՀ-ն շատ ասելիք ունի և կասի:
Իսկ մինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր էր ընտրում, ուսանողների խումբը բողոքում էր, իրենց ձևակերպմամբ՝ բուհի քաղաքականացումից ու ՔՊ-ացումից: Նշում, որ անձի հետ կապված խնդիր չունեն և համակարգի դեմ են պայքարում:
Տարոն Մանուկյան - Քանի որ իրենց ողջ կառավարման տարիներին ամեն ինչ արել են, որ բոլոր պետական հիմնարկները, անկախ պետական հիմնարկները, որոնք պետք է սահմանադրորեն անկախ գործեն, հարմարեցնեն իրենց, դառնան իրենց կամակատարը, և այդպիսի մի օրինակ էլ այսօր տեղի է ունենում ԵՊՀ-ում՝ մայր բուհում, և մենք չենք կարող դրա դեմ չպայքարել, մեր բողոքի ձայնը չբարձրացնել:
ԵՊՀ շուրջ 15000 ուսանողներից բողոքի ցույցին մասնակցում էր մոտ 10 հոգի՝ Տարոն Մանուկյանի գլխավորությամբ: Նա, ի դեպ, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան