Մեր երկրում գրիպի, սուր շնչառական վարակների ակտիվության աճ է նկատվում: Ավելացել են ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության և ստացիոնար հոսպիտալացման դեպքերը: Համաճարակաբանն ընդգծում է՝ այս սեզոնին ամենօրյա մշտադիտարկումեր են իրականացվում, վարակների զարգացման միտումները հիմնականում պայմանավորված են եղանակային փոփոխություններով:
Եվգենյա Խաչատրյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան) - Այս պահի դրությամբ բուժում է ստանում ստացիոնարներում մոտ 661 պացիենտ, որից գրեթե 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Վերակենդանացման բաժանմունքում այս պահի դրությամբ բուժում է ստանում 17 երեխա:
Առավել բարձր ակտիվություն նկատվել է Երևանում, մարզերից՝ Գեղարքունիքում, Տավուշում: Հարբուխ, կոկորդի ցավ, մկանացավեր, գլխացավ: Համաճարակաբանի հորդորն է՝ հատկապես երեխաների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել բժշկի: Համաճարակաբանական հսկողության հետազոտություններով՝ Հայաստանում հիմա շրջանառվում է նաև գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որին, համաճարակաբանի խոսքով, որոշ դեպքերում ավելի սուր ընթացքն է բնորոշ:
Եվգենյա Խաչատրյան - Գրիպի դեմ միակ կանխարգելումը պատվաստումն է, ուստի պատվաստումները հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, և այն անձը, որն ուզում է պատվաստվել, կարող է դիմել իր պոլիկլինիկա և պատվաստվել:
Զուգահեռ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Երևանի ոստիկանության մետրոպոլիտենի ծառայությունը վերջին շրջանում պարբերաբար դիմակներ է բաժանում առանց դիմակի ուղևորներին և հորդորում պահպանել սոցիալական հեռավորություն:
Եվգենյա Խաչատրյան - Սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, ինչպես քովիդի ժամանակ, շատ կարևոր է, և դա կարող է ավելի շատ նվազեցնել այդ վարակի տարածումը, ինչը շատ կարևոր է այս պայմաններում, որպեսզի քովիդի հետ ավելի չծանրանա հիվանդների վիճակը:
Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում, սուր շնչառական վարակներով պայմանավորված, բացակայող աշխատակիցների թվի աճ է նկատվել մի շարք կազմակերպություններում: Եթե դրանք հատեն սահմանված շեմը, Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցառումներ կիրականացնի: