ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։
Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։
Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է ներկաներին և կարևորել մասնավոր հատված-պետություն համագործակցությունը, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի՝ պեղումների ֆինանսավորման շարունակականության ապահովումը, որն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Փոխնախարարը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի վարչական տարածքում գտնվող «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի հնագիտական ուսումնասիրություններին աջակցելու, Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար։
Ցուցադրությունից հետո գործարանի տնօրինությունը շրջայց է կազմակերպել գինու և կոնյակի արտադրամասեր, հնեցման սրահներ, ներկայացվել է գործարանի պատմությունը։ Տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պեղումների ֆինանսավորումը և խորացնելու համագործակցությունը պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության ոլորտում։
Հիշեցնենք, որ «Գետահովիտ-2» քարայրը գտնվում է Իջևան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև։ Հնագիտական պեղումներն սկսվել են 2011 թվականից և շարունակվում են մինչ օրս։ Տարբեր տարիներին հնագետների կողմից հայտնաբերված իրեղեն ապացույցների հիման վրա նշյալ քարայրը (13x8 մ) որակվել է որպես բնակավայր՝ թվագրվելով տարբեր մշակութային շերտերով՝ վերին պալեոլիթյան (Ք․ա․ 24-18-րդ հազարամյակներ), պղնձեքարեդարյան (էնեոլիթյան, Ք․ա. 5-րդ հազարամյակ), միջնադարյան (9-13-րդ դդ.)։ Հատկապես հետաքրքիր են ընտելացրած ձիու՝ քարայրից հայտնաբերված ոսկորների գտածոները, որոնք ուսումնասիրության և հաստատման փուլում են։