Արագածոտնի մարզում նոր բացահայտված զբոսաշրջային վայրերի ցանկն ընդգրկուն է: Մասնագետները արբանյակային նկարահանումներով ստացել են Արագածոտնի մարզի ոչ միայն պատմամշակութային կոթողների ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզը, այլև ագրոտուրիզմի, գաստրոտուրիզմի նոր վայրերը:
Գագիկ Պողոսյան (Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ) - Նույնիսկ կածանները՝ որ բնակավայրից որ բնակավայրը կարելի է որ կածանով գնալ, որտեղ աղբյուր կա, մանրամասն նշված են, ինչը կարող է անգնահատելի ինֆորմացիայի աղբյուր դառնալ էն զբոսաշրջիկների համար, ովքեր կուզենան մեր մարզին ծանոթանալ:
Մարզը կարող է զարգանալ գաստրո-, ագրո-, գինու, արկածային, պատմամշակութային զբոսաշրջության հետաքրքիր ուղղություններով: Քարտեզագրումից հետո բացահայտվել են նաև մարզի բնական հուշարձանները՝ քարայրեր, քարվանսարաներ, ջրվեժներ:
Հարություն Գուլյան (Արագածոտնի մարզպետի տեղակալ) - Ասեմ որպես օրինակ. մեր մարզում այս տարի բացվել է զիփլայն Բյուրականում, որը կապում է Օրգով և Բյուրական գյուղերը Ամբերդ գետով հոսող ձորի վրայով:
Առանց նմանատիպ քարտեզների՝ զբոսաշրջիկների հետ անհնար է աշխատել՝ նշում են մասնագետները: Միացյալ Նահանգների միջազգային գործակալության «Ֆերմերից ֆերմերին» ծրագրի Վիստա փորձագիտական կենտրոնի մասնագետների խորհրդատվությամբ մարզի ավելի քան 20 տնտեսությունում ագրոտուրիզմի նոր բիզնեսներ են հիմնվել:
Մակրիտա Ավջյան («Ֆերմերից ֆերմերին» Հայաստան ծրագրի տնօրեն) - Տուրիզմի զարգացման մեր մասնագետն այցելել է յուրաքանչյուր շահառուի, թե ինչ հնարավորություն ունի թե՛ շահառուն ինքը, թե՛ նրա տարածքը, և դրա վրա հիմնվելով՝ մեկին օգնել ենք բիզնես-պլան մշակել, մեկին օգնել ենք ճիշտ դասավորել իր եղածը, որպեսզի այցելուին հաճելի լինի:
Ամենադժվարը ճիշտ կողմնորոշվելն է՝ ասում է փորձագետը: Մարզի գյուղացիական տնտեսությունները բիզնես սկսելու լայն հնարավորություններ ունեն, սակայն չեն կողմնորոշվում՝ զբոսաշրջության որ ուղղությունն ընտրել: Զբոսաշրջային քարտեզներում վերականգնված են նաև մարզի բոլոր վայրերի պատմական անունները:
Մակրիտա Ավջյան - Սա արբանյակով հատիկ-հատիկ աշխատված է: Սա այն քարտեզն է, որտեղ մենք ճշգրտել ենք հայկական անունները, և քարտեզների վրա, գիտեք, շատ ոչ հայկական անուններ են մնացել, որոնք մենք այս քարտեզի վրա մաքրել ենք:
Մասնագետները վստահ են՝ զբոսաշրջային քարտեզները ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել: