Բոլորն այստեղ շտապում են Ամանորից առաջ հասցնել ապրանք ներմուծել-արտահանելու իրենց գործարքը։ Մաքսային ձևակերպումները ճշգրտելուց հետո բիզնեսն ամռանից կարող է մնացած քայլերն անել օֆիսից, ինտերնետով շարունակել, թեև շատերը, սովորույթի ուժով, տեղում նաև վճարման հանձնարարական են վերցնում, երբեմն հերթ կանգնում, որ գումարը մուտք անեն բանկի որևէ բաժանմունք ու ստացած անդորրագիրը նորից ներկայացնեն հաստատման։
ՊԵԿ-ն ինչ գործարկել է մաքսային վճարումների էլեկտրոնային հարթակը, շենքում լինելով հանդերձ՝ անկանխիկ վճարման տարբերակն է ընտրում՝ ասում է մի խումբ ընկերությունների ներկայացուցիչ Արմինեն։
Քայլերը՝ շատ պարզ են․ Պետեկամուտների՝ trade.gov.am արտաքին առևտրի ազգային պատուհանում պետք է մուտք գործել Վճարումների կենտրոնացված հաշվառում բաժին, որտեղ import-export-ի հայտարարագիր ներկայացնելու հետ առանձին տողերում առաջանում են տվյալ խմբաքանակ բեռի մաքսատուրքից մինչև ԱԱՀ ու մաքսային վճարներ բոլոր գանձումները։ Դրանք կարելի է վճարել և՛ միանգամից, և՛ առանձին-առանձին։ Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով վճարումը, ի տարբերություն թղթայինի, հաստատում էլ չի պահանջում։ Ծրագրից մեկ անգամ օգտվողը կմոռանա ավանդական վճարումների մասին՝ ձեռներեցներին վստահեցնում է Արմինե Ղավալյանը։
Արմինե Ղավալյան (բիզնես-կազմակերպությունների ներկայացուցիչ) - Մարդիկ միշտ մտածում են՝ փաստը իրենք տեսնեն, որ վճարեցին: ԽՆդիրը դա է, թե չէ՝ երբ դու օգտվում ես, հասկանում ես, որ առավելագույնը հարմարեցված է բիզնեսին՝ վճարումները շատ արագ կատարելու, ավելորդ հերթերից խուսափելու համար:
Պարզվում է՝ որոշ ընկերություններ մինչև հիմա մաքսային վճարումները համակարգչից կամ բջջայինով չեն կատարում, որովհետև կազմակերպության բանկային քարտը կցված է բիզնեսի, ոչ ավել, ոչ պակաս, սեփականատիրոջը։ Աշխատակիցը կաշկանդվում է ամեն գործարքի ժամանակ զանգել նրան՝ իմանալու բջջայինին ուղարկված ակտիվացման կոդը։ Ֆիրմաներ կան՝ նույնիսկ բանկային քարտ չունեն, կամ քարտ ունեն՝ փոխանցում չի թողնում։ Այդ խնդիրները դանդաղ, բայց կարգավորվում են՝ լավատես է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը։ Հուլիսի՝ օրական ընդամենը 2-3 էլեկտրոնային վճարումից հիմա հասել են մինչև 10 տոկոսի։
Աղասի Աղայան (ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ) - Տնտեսվարողները 3400 գործարք արդեն կատարել են էլվճարումների համակարգի միջոցով, որի արդյունքում մոտ 6 մլրդ դրամի չափով գումար է գանձվել էս e-payments համակարգի միջոցով:
Ըստ Աղայանի՝ ծրագրից այժմ օգտվողների մեծ մասը գրեթե ամեն օր արտահանում-ներմուծում ունեցող ընկերություններ են, հատկապես երբ համակարգը նրանց հայտարարագրին տալիս է «կանաչ ուղի» մաքսային ընթացակարգը, այսինքն՝ ո՛չ թղթերը պետք է ստուգել, ո՛չ բեռը։ Ապրանքը պահեստից հանելու համար մնում է էլեկտրոնային հարթակով արագ վճարել մաքսային վճարները։