ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Գործող օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։
Հարցը քննարկվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Նրա խոսքով՝ Գրիգորյանը երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը:
Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու լինելն իր համար պատիվ է:
«Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: Շատերն այստեղ կհամաձայնեն, որ պաշտպանի ինստիտուտն իրապես կայացած փոքրաթիվ հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր այն առաքելությունը, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,- ասաց Գրիգորյանը: