Օմբուդսմենի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Մասնագիտությամբ արևելագետ է, նաև դիպլոմավորված իրավաբան, տիրապետում է 5 օտար լեզվի, այս պահին էլ արդարադատության փոխնախարարն է՝ 2019-ից է նշանակվել՝ թեկնածունին ներկայացրեց ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Քրիստիննե Գրիգորյանը չափացանց ակտիվ է եղել մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ակտիվ աշխատել է թե՛ պետական մարմինների հետ, թե՛ ոչ պատական:
Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է 6 տարով: Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2022-ի փետրվարի 23-ին: Մայր օրենքով՝ ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք. Սահմանադրությունից այս մեջբերումն անելով՝ Հայաստան դաշինքից Արեգնազ Մանուկյանը հարցրեց՝ ինչպես է չափվել Գրիգորյանի բարձր հեղինակությունը:
Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ես ձեզ առաջարկում եմ դուրս գալ փողոց, հարցում անել, ու 10-ից 9-ը նրան հաստատ չի ճանաչի:
Վլադիմիր Վարդանյան - Որ ես, Դուք, Քրիստիննե Գրիգորյանը դուրս գանք փողոց, կարող է նաև՝ շատ մարդ Ձեզ չճանաչի: Չափելի հատկանիշ չկա, այստեղ է ներկայացված փորձը:
Նույն հարցը Մանուկյանը նաև թեկնածուին ուղղեց: Գրիգորյանը նկատեց՝ ճանաչվածության ու բարձր հեղինակության հարցում մշտապես շփոթմունք կա: Վենետիկի հանձնաժողովի հաստատած, մեր օրենքներում էլ ամրագրված պահանջի՝ բարձր հեղինակություն ձևակերպման տակ 4 սկզբունք է դրված՝ բարձր բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն ու գործունեություն՝ բացատրեց փոխնախարարը:
Քրիստիննե Գրիգորյան (ՄԻՊ թեկնածու, ՀՀ արդարադատության փոխնախարար) - Ես ուշադրությամբ հետևել եմ նախորդ Պաշտպանի նիստի սղագրությանը, ու բարձրացվել են հարցեր, որ այն ժամանակվա արդարադատության նախարարի տեղակալը ճանաչված չէ, ու եղել է շփոթմունք:
Գրիգորյանի խոսքով՝ Պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություն է, ու այդ գործում մեծ ավանդ են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող Արման Թաթոյանը: Իսկ որպես առաջադրված թեկնածու առանձնացրեց որոշ ոլորտներում առաջնահերթ անելիքները՝ ատելության խոսքի տարածման դեմ պայքար, անվտանգային հարցերում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ուժեղացում:
Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահը Գրիգորյանից հետաքրքրվեց նաև, թե ինչ գնահատական կարող է տալ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաջորդած իրադարձություններին: Ըստ Թագուհի Թովմասյանի՝
այն համայնքներում, որտեղ կառավարող ուժը չի հավաքել 50+1 ձայն, իրավական գործընթաց է սկսվել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այս զուգադիպությունները տարօինակ են, ու մինչև այդ նրանց գործունեությունը իրավապահներին չէր հետաքրքրում, ու հենց եկավ պահը, որ պիտի նիստ լինի, ու ընտրեն, հիշեցին այս կամ այն քրեական մեղադրանքի մասին:
Քրիստիննե Գրիգորյան - Ամբողջ տեղեկատութունը իրավապահերի ձեռքերում է, ու իրավապահները պիտի տեղեկատվությամբ հանդես գան ու ներկայացնեն ընտրողներին:
Երկուսուկես ժամ քննարկումից հետո 4 կողմ 3 դեմ ձայնով Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը դրական եզրակացություն ստացավ: