ԱՄՆ դեմոկրատ օրենսդիրները պատրաստ են կարգավորել Վաշինգտոն-Հավանա հարաբերությունները: Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 դեմոկրատ կոնգրեսականներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենին՝ վերացնել մի շարք սահմանափակումներ Կուբայի նկատմամբ՝ օգնելու երկրին լուծել իր հումանիտար և տնտեսական խնդիրները։ The Hill-ը հաղորդել է, որ կոնգրեսականները հինգշաբթի երեկոյան նախագահին հղած նամակում առաջարկել են վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են Կուբա դեղորայքի և սարքավորումների առաքումներին, ինչպես նաև կղզի դրամական փոխանցումների իրականացմանը:
1961 թվականին Միացյալ Նահանգները խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ՝ ի պատասխան կղզում ամերիկյան ունեցվածքի ազգայնացման։ Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարեց երկրի դեմ առևտրատնտեսական էմբարգո սահմանելու մասին։ 1982 թվականին Կուբան ներառվեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակում։ 2014 թվականի դեկտեմբերին նախագահ Բարաք Օբաման խոստովանեց, որ Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նախկին քաղաքականությունը չի աշխատում, և հայտարարեց երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ու պատժամիջոցների մեղմացմանն ուղղված շարժման մեկնարկի մասին: Օբաման Կուբան հանեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից:
Երկու երկրների միջև մերձեցումը դադարեց 2017 թվականին հանրապետական Դոնալդ Թրամփի իշխանություն գալուց հետո: Նա խստացրեց հայրենակիցների՝ կղզի մեկնելու կանոնները և արգելանք դրեց Կուբայի զինվորականների կողմից վերահսկվող կազմակերպությունների հետ բիզնեսի վրա։ Թրամփի վարչակազմը Կուբան կրկին ներառեց ահաբեկչությունը հովանավորողների ցուցակում։
Դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կվերանայի իր քաղաքականությունը Կուբայի նկատմամբ և հավատարիմ կմնա իր կուրսին։