ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՕՎԵՐՉՈՒԿ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Բաքվում տեղի է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ ՌԴ փոխվարչապետը և Ադրբեջանի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի գործունեությանը։
ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՐԹԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Եվրամիությունը ողջունել է Հարավային Կովկասի երկրների միջև առկա խնդիրների կարգավորման նպատակով եռակողմ հարթակ ձևավորելու Վրաստանի առաջարկը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո:
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը ներկայացված լինի համագործակցության եռակողմ ձևաչափում, և այդ հարցում մեզ աջակցում են եվրոպական գործընկերները», - հայտարարել է Զալկալիանին: Նա հավելել է, որ Բորելը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև որպես միջնորդ հանդես գալու Վրաստանի իշխանությունների փորձը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կայսերի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակելու են «պաշտպանել իրենց ընկերների ու եղբայրների՝ Հյուսիսային Կիպրոսի, Լիբիայի, Ադրբեջանի շահերն ու իրավունքները»։ Թուրքիան մինչև վերջ կանգնելու է նրանց կողքին։
Աքարը նաև նշել է, որ Թուրքիան այսօր ապրում է հանրապետության պատմության ընթացքում ամենալարված փուլը և պայքարում է անկախության ու ինքնիշխանության համար:
ՖՐԱՆՍԻԱՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՌԴ-Ն ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԻՆ
Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ակնկալում Է նորմանդական ձևաչափի շրջանակում առաջընթացի հասնել ուկրաինական հարցի շուրջ և հուսով է, որ Ռուսաստանը կվերադառնա Նորմանդական ձևաչափով քննարկումներին: Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը: ԱլԳ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպում են ունեցել իրենց ուկրաինացի գործընկերոջ հետ և պատրաստակամություն են հայտնել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ։ Մակրոնը հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ նույնպես քննարկել է այս թեման. երկու ղեկավարները պայմանավորվել են մինչև տարեվերջ ևս մեկ քննարկում անցկացնել։
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
Իրանական միջուկային գործարքի վերականգնման հարցով հերթական բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին՝ Վիեննայում․ մի քանի օր տևած ընդմիջումից հետո կողմերը կվերսկսեն քննարկումները։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
«Մյուս պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո հանդիպեցինք Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի հետ՝ իրավիճակը գնահատելու և հետագա քայլերը քննարկելու համար։ Այս շաբաթ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել»,- ընդգծել է Բաղերին:
Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները Վիեննայում վերսկսել են նոյեմբերի վերջին: Պաշտոնական Թեհրանը բանակցության կողմերին է ներկայացրել ԱՄՆ պատժամիջոցների վերացմանը և միջուկային ծրագրին վերաբերող երկու փաստաթղթի նախագիծ։