ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարցուպատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։