Գիտական աշխատանքների պաշտպանությունն անցած տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել է, բայց արդյունքը գոհացնող չէ: 171 թեկնածուական ու դոկտորական է հաստատվել, մինչդեռ 6-7 տարի առաջ այդ թիվը տարվա ընթացքում 600-ի էր հասնում:
Կարեն Քեռյան, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ - Այս պահին ունեցած պաշտպանությունների քանակը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման համար:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն ասաց՝ գիտնականների բանակը համալրելու խնդիրը կրթական գերատեսչությունում քննարկվում է: Չի բացառվում, որ առաջիկայում որոշում ընդունվի բուհերում ավելացնել ասպիրանտների տեղերը՝ գիտական պաշտպանությունների թիվն ավելացնելու, սերնդափոխություն անելու համար:
Գիտության ոլորտում նաև գրագողության խնդիր կա: ԲՈԿ-ի ղեկավարն առաջարկում է իրավական փոփոխություններ նախաձեռնել, որ նման դեպքերում աստիճանազրկելու մեխանիզմներ ունենան:
Կարեն Քեռյան - Հնարավորություն կտա պաշտպանությունից հետո նույնիսկ 10 տարվա ընթացքում, եթե հայտնաբերվի գրագողություն, հնարավոր լինի աստիճանազրկելու, ինչպես վարորդական իրավունքն է, նույն կերպ էլ գիտական կարգից զրկելու անհրաժեշտություն կա:
Քեռյանը վստահ է՝ գրագողությունը բացառելու համար սա զսպող գործիք կլինի: Մտադիր են նաև նման դեպերը բացահայտող ծրագիրն արդիականացնել, ու գրագողությունը բացահայտել ոչ թե պաշտպանությունից տարիներ հետո, այլ վաղ փուլում: Գիտական կոչումների կարգում էլ փոփոխություններ են նախաձեռնել, արդեն դիմել են վարչապետի աշխատակազմին:
ԲՈԿ-ը վերանայում է նաև գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականությունը: Կառույցի ցանկում ընդգրկվելու համար մի շարք փոփոխություններ են արվելու: Դրանք արդեն կհանրայնացնեն հաջորդ տարի: