Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Արդյունքում կվճարվեն «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը և 18 աշխատակցի չվճարված նպաստները:
Գործադիրն ընդունել է «ՀՀ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» որոշում, որի նպատակն է ունենալ հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգված և հաստատված տվյալներ՝ հողերի արդյունավետ կառավարման համար օգտագործելու նպատակով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում։
Արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար:
Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը: