Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման տնտեսական կողմին:
Նախարարի խոսքով՝ մանրուքները շատ կարևոր են:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակացույցով է, որովհետև որոշ երկաթգծերի վերանորոգումը կամ նորից սարքելը շատ ավելի երկար է տևելու, քան մյուսներինը, և կարևոր է հասկանալ, թե արդյոք երկաթգծերը կմտնեն շահագործման հենց պատրաստ լինելուն պես, թե միաժամանակ. եթե միաժամանակ, ապա առջևում դեռ մի քանի տարի կա»,- նշեց Քերոբյանը:
Ինչ վերաբերում է երկաթգծի շահագործմանը նախորդող ծախսերին, նախարարը հայտնեց, որ Հայաստանում՝ Երասխի մոտ, շատ փոքր հատված է անհրաժեշտ վերանորոգել:
«Այնտեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավական ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, և ճանապարհը դարձել է ավտոմոբիլային: Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի: Կարծում եմ, որ կարող է մինչև 200 մլն դոլարի սահմաններում լինի ներդրումը, իսկ ավելի խոշոր ներդրումը՝ սահմանից մինչև Հորադիզ՝ Ադրբեջանի տարածքում երկաթգծի նորից կառուցումն է, որովհետև այնտեղ ևս ապամոնտաժված է երկաթգիծը: 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու այդ հատվածը վերագործարկելու համար»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ կախված այն բանից, թե երբ շահագործման կհանձնվեն երկաթգծերը, հնարավոր կլինի ավելի ճիշտ հաշվարկներ կատարել ապաշրջափակման տնտեսական էֆեկտների մասին: