Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը հանդիպել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը: Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են քննարկել են Հայաստանի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Արմեն Գրիգորյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար - Տարածաշրջանային կոնտեքստում քննարկել ենք հնարավոր այն քայլերը, որոնք կարող է ստեղծել միջավայր՝ տարածաշրջանը կայունացնելու համար: Քննարկել ենք նաև այն բոլոր սպառնալիքները, որոնք տարածաշրջանում գոյություն ունեն և կարող են բացասական ազդեցություն ունենալ: Համաձայնել ենք, որ համատեղ ակտիվ աշխատենք՝ տարածաշրջանը ակտիվացնելու, մեր հարաբերությունները զարգացնելու և է՛լ ավելի խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները:
Հանդիպմանն արձանագրվել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք, ինչպես նշվում է, առանձնահատուկ կարևորություն ունեն հայ-ամերիկյան հարաբերություններում։ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Հայաստանին հրավիրելու համար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին։
Գագաթնաժողովին անդրադարձել է նաև Ջեյք Սալիվանը, բարձր գնահատել վարչապետ Փաշինյանի մասնակցությունն այդ միջոցառմանը, ընդգծել Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման բնագավառում հայ-ամերիկյան գործակցությունը: Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտարարել՝ առկա լարվածությունը մտահոգում է Վաշինգտոնին: Չսահմանազատված սահմանների մոտակայքում զինված ուժերի տեղաշարժը Ջեյք Սալիվանն անպատասխանատու և սադրիչ է որակել:
Սալիվանը ողջունել է Երևանի և Բաքվի միջև շարունակվող շփումը, վերահաստատել վստահության ամրապնդման և տարածաշրջանային հաշտեցման միջոցներին աջակցությունը շարունակելու Վաշինգտոնի հանձնառությունը՝
ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: