Ձերբակալվել է Վանաձոր համայքնի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիք կատարելու համար: Քրեական գործը, որով անցնում է պաշտոնյան, հարուցվել է սեպտեմբերին: Ըստ Քննչական կոմիտեի՝ Ասլանյանը Վանաձորի Նարեկացի փողոցի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխել է՝ չունենալով դրա լիազորությունը:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը փոխել է Վանաձորի Ուսանողական փողոցի մի շարք հասցեներում գտնվող շուրջ 1 հա մակերեսով հասարակական կանաչ տարածք հանդիսացող հողատարածքի նշանակությունը՝ դարձնելով դրանք հասարակական կառուցապատման հողեր։ Այնուհետև, կազմվել և Ասլանյանի կողմից ստորագրվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր նշված հողամասն ընդգրկված չէ քաղաքացիներին սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում: Դրանից հետո ըստ մեղադրանքի՝ նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում Վանաձոր համայնքի ղեկավարը կազմակերպել է աճուրդ և հողամասը շուրջ 2 միլիոն 7 հազար 700 դրամով օտարել:
Մեկ այլ դեպքով ևս՝ այս անգամ փոխելով Վանաձորի Ուսանողական փողոցի հասցեներից մեկում գտնվող հողատարածքի նշանակությունը, աճուրդում այն օտարել է 5 միլիոն 284 հազար դրամով: Բացի այդ, Ասլանյանը, ըստ ՔԿ-ի՝ հնարավորություն է ընձեռել իր մտերիմներից մեկի մորը հասարակական կառուցապատման նշանակությամբ հողակտորները վաճառել կամ նվիրել տարբեր քաղաքացիների՝ դրանցում հուղարկավորություններ իրականացնելու նպատակով: Այս ամենի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Հիշեցնենք, Մամիկոն Ասլանյանը Վանաձորի քաղաքապետ է ընտրվել 2016-ի հոկտեմբերին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան