Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը՝ կապված 520 նոր ավտոբուսների ձեռք բերման հետ:
Հովհաննիսյանի խոսքով՝ Մարությանի հայտարարությունը, «մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», և ինքը՝ որպես Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, պարտավոր է մեկնաբանել այն։
«Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է):
Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին ձեռք է բերվել 211 չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն՝ այս պահի դրությամբ նոր ձեռք բերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։
Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռք բերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն՝ անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)։ Կարծում եմ՝ խիստ կարևոր է ճիշտ ներկայացնել հանրությանը իրական գործընթացների պատկերը, այլ ոչ թե մոլորեցնել բացվածք չունեցող թվերի և խոսքերի միջոցով։
Ի դեպ, պարտավոր եմ նաև հայտարարել, որ համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոբուսների համար միջոցները գոյացել էլ ավագանու համար խիստ մտահոգիչ բյուջեի կատարողականների հաշվին, քանի որ 2018 թվականից հետո բյուջեով նախատեսված քաղաքի ծախսերի կամ, այլ կերպ ասած, կատարված աշխատանքների ծավալը կազմել է 65-70%։ Այսինքն՝ ցավոք, այլ անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու հաշվին ենք մենք ձեռք բերել ավտոբուսները։ Ինչևէ:
Մի քանի խոսք էլ վերելակների մասով։ Քանի որ բյուջեն հաստատում է Երևանի ավագանին, ապա տեղեկացնեմ, որ պարոն Մարությանի կողմից նշված 100 վերելակի ձեռք բերումը համարում ենք ոչ բավարար և ստիպված ենք լինելու բյուջեի ճշգրտման և օպտիմիզացիոն գործընթացը ստանձնել մեզ վրա, որպեսզի նշված 100 վերելակի փոխարեն ձեռք բերենք առնվազն 300 նոր վերելակ 2022 թվականի ընթացքում»,- գրել է Լևոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Մարությանն այսօր Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ հաջորդ տարի կունենանք ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացված կլինի ավելի քան 60 տոկոսով՝ կազմելով մոտ 520 նոր ավտոբուս: