Հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափը կավելանա. նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հիմնավորելով՝ Կառավարության ծրագրով պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ներկայացվող նախագիծը կապահովի ՀՀ Կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացումը: Այսպիսով կբարձրանա նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
Նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28600 դրամ՝ 26500-ի փոխարեն, պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափերը`1-ին խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 43000 դրամ՝ 40000-ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 33000՝ 30000-ի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 30000 դրամ՝ 27000-ի փոխարեն: Պետությունը ավելացնում է նաև պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը՝ 27000 դրամի փոխարեն սահմանելով 30000 դրամ: Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ՝ 26500-ի փոխարեն, հաշմանդամություն ունեցող երեխայի համար՝ 37000 դրամ՝ 26500-ի փոխարեն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որ բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց ուզում եմ ասել, որ, տեսեք, երբ որ եղած բազայի վրա ենք նայում, սա տոկոսային բավականին շոշափելի աճ է: Ուզում եմ արձանագրենք հետևյալը, որ կենսաթոշակները ամենամեծ հոդվածներից մեկն են, կենսաթոշակների բարձրացումը շարունակական մեր պարտավորությունն է, այդ պարտավորությունն արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսության մեջ, որովհետև տնտեսությունն է գեներացնում այն միջոցները, որոնք հնարավորություն ենք ունենում ծախսել սոցիալական կարիքների վրա:
Կառավարությունը 2022-ին սահմանել է տնտեսական աճի հավակնոտ նշաձող: Վարչապետի խոսքով՝ պետք է կենտրոնացնել ուժերը՝ ապահովելու տնտեսական աճի այդ ցուցանիշը:
Նիկոլ Փաշինյան - Կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից, օրինակ՝ գիտության ոլորտում դարակազմիկ, եթե թույլ կտրվի այդպիսի արտահայտություն օգտագործել, չափերով աշխատավարձեր և ֆինանսավորում ենք ավելացնում: Ի՞նչ կապ ունի մի թեման մյուսի հետ, հույս ունենք, որ կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտի ներդրումները շղթայորեն բերելու են այնպիսի արդյունքի, որ, ի վերջո, հնարավորություն ունենանք ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ:
Հունվարի 1-ից կավելացվի նաև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 28600 դրամ. գյուղերում ապրող ծնողների դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվում է 57200 դրամ: Հաջորդ շաբաթ կներկայացվի ևս մեկ նախագիծ, որը վերաբերում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար տրվող աջակցությանը՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը, ամսական կհատկացվի 50000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի կրկին հունվարի 1-ից:
Նարեկ Մկրտչյան - Վերջին տարիներին ընտանիքներում միտում կա երրորդ և հաջորդ երեխայի ծնունդներով պայմանավորված, կարծում ենք՝ կառավարության մի շարք ծրագրերի շնորհիվ՝ միանվագ նպաստների բարձրացում, գյուղական բնակավայրերում, բնակարանային ապահովման 2020-23-ին հիփոթեքին ուղղված ծրագրերը:
Վարչապետն ընդգծեց ծնելիությանը միտված ծրագրերի կարևորությունը, կարևորեց նաև կրթության հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրերը: Ոլորտում իրականացվող նախագծերը շատ են՝ հարյուրավոր դպրոց, մանկապարտեզների կառուցում-վերակառուցումից մինչև ուսուցիչների ատեստավորում, ֆինանսավորման ավելացում:
Նիկոլ Փաշինյան - Սա ոչ թե առանձին որոշում է, այլ օղակներ, որ արդյունքում դառնում է մեկ ամբողջական շղթա: Սրան էլ ավելացնենք կոմունիկացիաների բացում, խաղաղ դարաշրջան բացելու օրակարգը, հարցերն ունեն բարդություններ, բայց համարում ենք քաղաքական պարտավորությունը, առավելությունը, որ փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, նավը հասցնենք խաղաղ նավահանգիստ:
8 ՄԻԼԻԱՐԴ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները շարունակելու համար էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ մոտ 8 միլիարդ դրամ հատկացվեց։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում ենք 2 մլրդ 146 մլն դրամ: Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր:
Գումարը կուղղվի նաև գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շարունակմանը: 2,7 մլրդ դրամով արդեն ձեռք է բերվել 456 միավոր տեխնիկա: Նախարարը թվերով ներկայացրեց հակաճգնաժամային իրավիճակի հաղթահարմանն ուղղված ծրագրերի արդյունքը:
Վահան Քերոբյան - Ճիշտ ա, շատ վատ տարի էր, սակավաջրությունը խանգարել է լավ արդյունք ստանալուն, այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում՝ 200000 տոննան գերազանցել ենք:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) -120 միլիարդի արտոնյալ վարկային պորտֆել ենք գեներացրել օժանդակության գործիքներով, ունենք 2500 շահառու: Գյուղոլորտի մասով գեներացրել ենք 76 միլիարդի պորտֆել, այդ թվում՝ ֆիզիկական անձանց, ունենք 42000 շահառու:
Փոխվարչապետը արդյունավետ գնահատեց աշխատատեղերի պահպանման նպատակով սուբսիդավորման միջոցառումը՝ առաջարկելով այն դարձնել աշխատատեղերի աճին միտված ծրագիր: