Առողջապահության ոլորտի պատասխանատուները, որ առաջարկում են քովիդի դեմ պատվաստվել նաև երրորդ՝ խթանիչ դեղաչափով, մեջբերում են հետազոտության տվյալներ: Ըստ ամերիկյան առողջապահական կազմակերպության՝ պատվաստման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է հատկապես 65 և ավելի տարիքի անձանց մոտ:
Սվետլանա Գրիգորյան, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ - Ընդհանրապես, բուստեր դեղաչափի անհրաժեշտությունը կա բոլոր տարիքային խմբերի ու բոլոր անձանց համար, ուղղակի առաջնահերթություն է տրվում այն անձանց, որոնք առավել ռիսկային են կորոնավիրուսային հիվանդության առումով: Նրանք 65 տարեկանից բարձր տարիքի անձինք են, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պարբերաբար հեռախոսազանգեր ու գրավոր հարցումներ է ստանում պատվաստումների վերաբերյալ:
Սվետլանա Գրիգորյան - Առավել հաճախ տրվող հարցերից են՝ ի՞նչ պատվաստանյութով կարելի է ստանալ բուստեր դեղաչափը: Իհարկե, կա հաստատված սխեմա, համաձայն որի՝ յուրաքանչյուր պատվաստանյութից հետո՝ երկրորդ դեղաչափից հետո, տվյալ պատվաստանյութով կամ «Մոդեռնա» պատվաստանյութով առաջարկվում է խթանիչ պատվաստում:
Հաջորդ հարցը, որ հաճախ հետաքրքրում է, այն է, թե որքան ժամանակ հետո կարելի է երրորդ դեղաչափ ստանալ: Պատասխանն է՝ առնվազն 6 ամիս անց: Մեր այցելության ժամանակ էլ քաղաքացիներից մեկը հետաքրքրվում էր, թե արդյոք յոթ տարեկան երեխան կարո՞ղ է պատվաստվել:
Սվետլանա Գրիգորյան - Երեխաներ, որոնք ստացել են կամ մեր երկրում կամ այլ երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում, իրենց ցուցվա՞ծ է խթանիչ դեղաչափը, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ, համաձայն ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների առաջարկների, խթանիչ դեղաչափերը կիրառելի են միայն 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:
Դեկտեմբերի 16-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 6836 անձից 6196-ը կամ մոտ 90 տոկոսը պատվաստված չէ: Հոսպիտալացված 1466 անձից պատվաստված չէ 1398-ը կամ գրեթե 95 տոկոսը:
Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 176 հիվանդ, նրանցից 165-ը կամ 94 տոկոսը պատվաստված չէ:
Ինչ վերաբերում է պատվաստված, բայց վարակված ու հոսպիտալացված մինչև 10 տոոկս պացիենտներին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը նկատում է, որ որևէ պատվաստանյութ չի ապահովում 100 տոկոսով: Ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ հոսպիտալացվածների ու ինտենսիվ բուժում ստացողների շարքում ավելի քիչ են պատվաստվածները, ինչը վկայում է, որ պատվաստանյութերը կանխում են հիվանդության ծանր ընթացքը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան