Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառում արդյունավետ շարունակելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացվեց շուրջ 8 մլրդ դրամ, որի մի մասը՝ հարկային եկամուտներից, մյուսը՝ վերաբաշխման միջոցով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ընթացքի մեջ գտնվող և իրականացված ծրագրերը:
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում ենք 2 մլրդ 146 մլն դրամ: Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել շրջանառու միջոցների համալրմանը, հումքի ձեռքբերմանը, սարքավորումների և այլնի համար»,- ասաց Քերոբյանը:
Հաջորդը գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրն է:
«Ծրագրով մենք 456 միավոր տեխնիկա ենք ապահովել գյուղացիների համար: Հատկացվել է 2.7 մլրդ դրամի ֆինանսավորում»,- նշեց Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց.
«Նախորդ տարի, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, մենք 25-ից ավելի միջոցառումներ ենք իրականացրել՝ բիզնեսին, քաղաքացիներին աջակցելու համար: Կորոնավիրուսի համավարակը շարունակվում է, մենք պետք է վերանայենք այդ ծրագրերի բովանդակությունը, որ նոր պայմաններին համապատասխան լինեն: Կլինեն ծրագրեր, որոնք շարունակելու անհրաժեշտություն չենք տեսնի, բայց նաև կան ծրագրեր, որոնք մենք ճգնաժամի պայմաններում ստեղծել ենք ճգնաժամին արձագանքելու համար, բայց իրենք կարող են ընդհանրապես որպես տնտեսական արդյունավետ խթան աշխատել»: