Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարան հատուկ ներկայացուցիչ կնշանակի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը՝ Արաբական Միացյալ էմիրություններ կատարած այցի ընթացքում: Լրագրողների հետ ճեպազրույցում Մևլութ Չավուշօղլուն, անդրադառանալով գործընթացին, ասել է՝ վերջերս երկու կողմից էլ դրական հայտարարություններ են արվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հավելելով՝ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա։
Թուրքիայի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Քըլըչի նշանակումը կատարվել է նախագահ Էրդողանի հավանությամբ: 63-ամյա դիվանագետը ծնունդով Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգից է, ուշագրավ է, որ որպես դեսպան աշխատել է այնպիսի երկրներում, որտեղ մեծ հայ համայնքներ կան։ 2008-10 թթ. եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը, ապա երկու տարի՝ 2010-12-ը՝ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնն է զբաղեցել, հետո նորից դիվանագիտական ծառայության է անցել, 2012-2014-ին եղել է Թուրքիայի դեսպանը Ճապոնիայում, իսկ վերջին 6 տարիներին՝ Միացյալ Նահանգներում:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնաց ունենալու մտադրության մասին թուրք նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր դեռ կիրակի երեկոյան՝ Մեջլիսում ելույթի ժամանակ: Հայաստանի ԱԳՆ-ն դրական էր գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն ու հաստատել՝ հատուկ ներկայացուցիչ կնշանակվի նաև մեր կողմից՝ ընդգծելով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: Իսկ թե ով է լինելու հայկական կողմի բանագնացը, դեռ չի հայտարարվել:
Հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությունը պատմական է որակել Թուրքիայի Մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավորի կարծիքով՝ քաղաքական կամքի և ցանկության դեպքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Փայլանն ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարևորությունն ու հայտարարել՝ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման համար:
Կարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր) - Այս ճանապարհային քարտեզի մի փուլում Մևլութ Չավուշօղլուն նաև բացատրեց, որ դիվանագիտական հարաբերությունները պետք է բարելավվեն։ Մենք այս պահին դեսպաններ չունենք, իհարկե ինչ-որ փուլում պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և փոխադարձաբար դեսպանություններ բացվեն, դեսպաններ նշանակվեն։ Ճանապարհային քարտեզի հատուկ ներկայացուցիչները կաշխատեն, և ես կարծում եմ՝ նրանք կլինեն կառուցողական ու երկու կողմի քաղաքական կամքի շնորհիվ հաջողության կհասնեն: Ե՛վ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական այրերը պետք է պատասխանատվություն ստանձնեն, որ այդ հնարավորությունը, ի վերջո, խաղաղության վերածվի:
Երեկ Էմիրություններում Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար դիմել են թուրքական և հայկական ավիաընկերությունները, և դրանք այժմ գնահատվում են տրանսպորտի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության կողմից: