ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության այսօրվա նիստում:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սոֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Նախարարության հաղորդագրությունում նշված է, որ մշակութային հաստատությունների գույքային հագեցվածության բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ վերաբաշխման արդյունքում լրացուցիչ 80 մլն դրամ հատկացվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շահառուներին հասանելիք 2021 թ. դեկտեմբեր ամսվա սուբսիդավորման գումարը համապատասխան կազմակերպություններին փոխանցելու նպատակով: