Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս որևէ պարտավորություն չի ընդունի: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA գործակալությունը:
Կողմերը քննարկել են միջուկային գործարքին վերադառնալու՝ Վիեննայի բանակցությունների ընթացքը: Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանն առաջարկներ է ներկայացրել բանակցությունների կողմերին և աշխատում է համաձայնության հասնելու ուղղությամբ:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցություններում դանդաղ առաջընթացի գլխավոր պատճառը «Արևմուտքից նախաձեռնությունների և առաջարկությունների բացակայությունն է»: Նա ևս մեկ անգամ ընդգծել է պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:
Գուտերեշն իր հերթին կարևորել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը՝ միջազգային խաղաղության և կայունության պահպանման հարցում: