Զվարթնոցի փոքրիկները նոր մարզահրապարակ ունեն: Անդրեասյան եղբայրները մոտ 10 տարի կենցաղային իրեր են պատրաստել, իսկ հիմա մարզա և խաղագույք են արտադրում՝ բակերի, դպրոցների, մանկապարտեզների ու մարզասրահների համար:
Երբ նոր էին սկսել, աշխատում էին միայն դրսի շուկայի համար: Միայն Ռուսաստանում 70-ից ավելի մարզահրապարակ են կառուցել: Հիմա մետաղը ներկրում են Ռուսաստանից, արտադրում՝ տեղում:
Ինժեներ եղբայրների նվիրած մարզահրապարակը հաճելի անակնկալ է հարևանությամբ գտնվող դպրոցի համար: Սա այն է, ինչի մասին երազում էին ֆիզկուլտուրայի դասերը միջանցքներում անցկացնող երեխաները:
Էջմիածնի ղեկավարությունը հավանել է տեղական արտադրության մարզագույքը: Մտադիր են ձեռք բերել և տեղադրել շենքերի բակերում, միայն թե բակերն ավտոտնակներից ու ավելորդ կառույցներից մաքրելուց հետո: Անօրինական շինություններն ապամոնտաժելու առաջարկը քաղաքապետը կներկայացնի ավագանու առաջիկա նիստերից մեկում:
Անդրեասյան եղբայրները պատրաստ են բավարարել պահանջարկը: Մարզագույքին զուգահեռ՝ սկսել են նաև պլաստիկե և ռետինե հատակներ արտադրել: Ռետինե սալիկները սպորտային համալիրների հատակը երեսպատելու համար է, իսկ պլաստիկե դետալները՝ արհեստական խոտածածկի տակ անցկացնելու:
Օգնել է նաև պետությունը՝ համաֆինասավորելով կաղապարներ ձեռք բերելու ծրագիրը: Նոր գաղափարները կյանքի կոչելու համար Անդրեասյան եղբայրներն ընդլայնում են արտադրական տարածքը: