Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և ԵՄ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր՝ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխումներ» անվանումով։
Փաստաթղթում ներկայացված է Արևելյան գործընկերության անդամ երկրների արձանագրած առաջընթացը և սահմանված են 2020 թվականից հետո ծրագրի զարգացման հիմնական ուղենիշները: Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։ Եվրամիությունը, մասնավորապես, ողջունում է 2021 թ. մարտին Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը։
«Եվրամիությունը և շահագրգիռ գործընկերները ողջունում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միացումը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին: Ողջունում ենք նաև Հայաստանի և Ուկրաինայի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրերի ստորագրումը»։
Եվրոպական նորարարական գործընկերության նպատակներին ուղղված առաջին ներդրումների շարքում նշվում է, որ Երևանին կտրամադրվի 100 էներգաարդյունավետ սմարթ ավտոբուս՝ մայրաքաղաքում խցանումները և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով:
Ընդգծվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիան Հայաստանին կփոխանցի BioNTech/Pfizer պատվաստանյութի 400000 դեղաչափ։ Գագաթնաժողովի մասնակիցները ողջունել են նաև Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ COVID-19-ի թվային հավաստագրերի փոխադարձ ճանաչումը:
Հռչակագրում անդրադարձ կա նաև հակամարտությունների կարգավորմանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում առկա ձևաչափերի ներքո կամ ի լրումն դրանց, աջակցել բանակցային գործընթացներին, հարկ եղած դեպքում՝ ներկայություն ապահովելով նաև տեղում:
«Մենք խորապես անհանգստացած ենք Արևելյան գործընկերության տարածաշրջանի շատ հատվածներում իրավիճակի շարունակական ապակայունացմամբ և միջազգային իրավունքի սկզբունքների խախտումներով, որոնք սպառնում են խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը։ Կոչ ենք անում ջանքեր գործադրել չկարգավորված հակամարտությունների խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, վստահության մթնոլորտի ձևավորումը էական նշանակություն ունեն տնտեսական և սոցիալական զարգացման համար»:
Եվրամիության և ԱլԳ անդամ երկրների ղեկավարները սահմանել են նաև Արևելյան գործընկերության նոր առաջնահերթությունները՝ 2020 թվականից հետո։ Նրանք պարտավորվել են ընդլայնել համագործակցության շրջանակը՝ հիմք ընդունելով ԱլԳ քաղաքականության հիմնական ուղղությունները՝
զարգացնել դիմացկուն, կայուն և ինտեգրված տնտեսություններ.
ապահովել օրենքի գերակայությունը և անվտանգությունը.
նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը.
ապահովել դիմակայուն թվային փոխակերպում.
ստեղծել իրավահավասար, արդար և ներառական հասարակություններ։
Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի կառավարությունները հանձնառություն են ստանձնել քայլեր ձեռնարկել պայքարելու խարդախության և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքները՝ եվրոպական և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Եվրամիությունը նաև Արևելյան գործընկերության անդամ երկրներին ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ տարածաշրջանում հետհամաճարակային տնտեսական ծրագրերի համար:
«Ողջունում ենք ծրագրի հաստատված նոր առաջնահերթությունները: Նոր օրակարգի իրագործման համար կտրամադրվի 2,3 մլրդ եվրո, որը կարող է մոբիլիզացնել մինչև 17 մլրդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ տարածաշրջանի համար»։
Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում առաջնահերթությունը տրվելու է գործարար միջավայրի ամրապնդմանը, ինչպես նաև առևտրի և ներդրումային գործընթացների դյուրացմանը։ Եվրամիությունը 1 մլրդ եվրո կհատկացնի 500000 փոքր և միջին ձեռնարկությունների՝ նրանց համար ֆինանսավորման աղբյուրներն ավելի հասանելի դարձնելու նպատակով։
Հռչակագրում անդրադարձ կա նաև տարածաշրջանային ենթակառուցվածքներին: Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի շրջանակում Արևելյան գործընկերության երկրներում նախատեսվում է մինչև 2030 թվականը ավարտին հասցնել 3000 կմ առաջնահերթ ճանապարհների և երկաթուղիների արդիականացման գործընթացը։