Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում բանաձև են ընդունել Ուկրաինայի սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ, որով կոչ են արել ԵՄ-ին նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ սահմաններին էսկալացիայի դեպքում:
Բանաձևին կողմ է քվեարկել 548 պատգամավոր, դեմ՝ 69 պատգամավոր, ձեռնպահ են մնացել 54-ը:
Բանաձևի համաձայն՝ պատժամիջոցները պետք է ներառեն ֆիզիկական անձանց լայն շրջանակ, որոնց նկատմամբ պետք է գործի ԵՄ-ում բոլոր ակտիվների սառեցումը և ուղևորությունների արգելքները: Բացի այդ, առաջարկվում է անջատել Ռուսաստանը SWIFT վճարային համակարգից, ինչը կհանգեցնի ռուսական ընկերությունների բացառմանը միջազգային ֆինանսական շուկայից:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում: