Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով:
Շահառուներին փոխհատուցում տրամադրվել է Կառավարության համապատասխան երեք որոշումներով:
Ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 42,868.3 հազար դրամ:
Քանի որ հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել էին բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ, համապատասխանաբար, 372 և 96 հոգի, որոնց ուսման վարձն անհրաժեշտ էր փոխհատուցել և կազմում էր, համապատասխանաբար, 102,325.6 և 9,110.0 հազար դրամ:
Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա ամփոփվել է շահառուների անվանացանկերը՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, այն է, համապատասխանաբար, 317 և 7 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը, համապատասխանաբար, 85,474.1 և 595.0 հազար դրամ է: