Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Փոփոխությունները միտված են ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել Ներկայացուցչի կողմից այսօր փաստացի իրականացվող գործունեությանը:
Առաջարկվում է ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների ցանկում ընդգրկել նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը և այլն: Մասնավորապես` առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով` «Սույն օրենքի իմաստով Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Արդարադատության միջազգային դատարանը, միջազգային արբիտրաժը, հաշտարարությունը, օտարերկրյա դատարանները»:
Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունումը կնպաստի առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, կօժանդակի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանն ու միջազգային հարթակներում մեր երկրի վարկանիշի բարձրացմանը: