Եվրամիությունը ողջունում է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելը 2021 թ. մարտին, ինչպես նաև Հայաստանի միացումը Horizon Europe ծրագրին և ԵՄ հետազոտությունների և նորարարության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին նշված է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ուկրաինայի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագրերի ստորագրումը»,- ասված է ԵՄ պաշտոնական կայքում:
Եվրոպական նորարարական գործընկերության նպատակներին ուղղված առաջին ներդրումների շարքում նշվում է, որ 100 էներգաարդյունավետ սմարթ ավտոբուս կտրամադրվի Երևանին՝ քաղաքում խցանումները և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում ընդգծվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից BioNTech/Pfizer պատվաստանյութի 400 000 դեղաչափ կփոխանցվի Հայաստանին:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունել են COVID-19 թվային հավաստագրերի փոխադարձ ճանաչումը Հայաստանի հետ: