Դեկտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։
Հանդիպման վերջին Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։