Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` նախարարությունն սկզբունքային փոփոխություններ է առաջարկում մի քանի ուղղություններում: Առաջինը վերաբերում է հանրակրթության բովանդակությանը: Այստեղ խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրել հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով:
Ըստ զեկուցողի` փոփոխությունները թույլ կտան դպրոցներին բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, սահմանել սեփական ուսումնական պլանները: Նորարարություններ են նախատեսվում ներառական կրթության հատվածում` կրթության առանձնահատուկ պայմանների փոփոխությունից մինչև ֆինանսավորում: Ցանկում հաջորդը ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է` ատեստավորման համատեքստում:
«Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնել ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարն առանձնացրել է կառավարման ոլորտը: Այստեղ նախատեսվում է տարանջատել տնօրենի գործառույթները` վարչատնտեսական և բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրեններին կվերապահվի միայն կրթության որակի և բովանդակության հարցերը: