Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատումը ՀԱՊԿ-ի օրակարգում է։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ Չինաստանի հետ կառույցի համագործակցությունը պետք է կառուցվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան։ Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի հետ հեռավար հանդիպմանը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտնել էր Պեկինի մտադրությունը՝ շարունակելու ճկուն և բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար։
*****
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշել քաղաքական ընդդիմությանը և կոշտ մոտեցում ցուցաբերել՝ ի պատասխան խաղաղ ցույցերի՝ խախտելով կարծիքների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Այս մասին նշված է Amnesty International-ի հայտարարության մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է դադարեցնել ադրբեջանական ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կամայական և բռնի ձերբակալությունները, խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումները: «Իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլոր ձերբակալվածներին»,- նշված է հայտարարությունում:
Amnesty International-ի մեկ այլ անդրադարձում նշվում է, որ Բաքվի իշխանությունները COVID-19-ի դեմ պայքարն օգտագործում են որպես պատրվակ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար:
*****
Թուրքական վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Իդլիբ նահանգի Դեյր-Հասան գյուղում բացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին անվանակոչված մզկիթ: Այս մասին հայտնում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: Իրավապաշտպանները և լրագրողները բազմիցս բարձրաձայնել են, որ Սիրիայի հյուսիսում պաշտոնական Անկարան հետևողականորեն իրականացնում է թուրքացման գործընթաց՝ առավել ամրապնդելով իր ազդեցությունը:
****
Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում. այս հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել: Նա նշել է, որ չի կարող մանրամասնել, թե ինչ բնույթի պատժամիջոցներ են նախատեսվում: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովն այդ հարցով համաձայնության կգա: ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անդրադարձ կկատարվի Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածությանը, Բելառուսում ստեղծված իրավիճակին և միգրացիոն ճգնաժամին, կորոնավիրուսի համավարակին ու պատվաստումների գործընթացին:
*****
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս որևէ պարտավորություն չի ստանձնի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա ընդգծել է, որ Թեհրանը առաջարկներ է ներկայացրել Վիեննայի բանակցությունների կողմերին և աշխատում է համաձայնության հասնելու ուղղությամբ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցություններում դանդաղ առաջընթացի գլխավոր պատճառը «Արևմուտքից նախաձեռնությունների և առաջարկությունների բացակայությունն է»: